Կենսագրական | Հրապարակագիրը | Թատերագիրը | Հետադարձ կապ
 
 

Արա Արծրունին ծնվել է 1932 թվականին Բեյրութում: Հաճախել է Նշան Փալանջյան ճեմարան և ապա ֆրանսիական «Սաքրե-Քեոր» վարժարանը: Մինչև 1972 թ. պաշտոնավարել է Լիբանանի Ջրաբաշխման նախարարությունում: Ապա զբաղվել է առևտրով:

1948 թվականից անցել է ՀՀԴ-ի շարքերը: Հետագայում նախապատվություն տալով ազատ մտածողի իր իրավունքին` հրաժարվել է կուսակցությունից (1959), սակայն միշտ մնացել է հավատավոր դաշնակցական: Գրել է ազգային և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներ: Աշխատակցել է լիբանանահայ մամուլին` «ԲԱԳԻՆ», «ՍՓՅՈՒՌՔ», «ԱՐԾԻՎ» և «ԱԶԴԱԿ»: Եղել է «ԱԶԴԱԿ»-ի մշակութային ուրբաթօրյա էջի պատասխանատուն (1969-1972):

Պատմվածքների առաջին գիրքը` «ՎԻՐԱՎՈՐ ԾԻԾԵՌՆԱԿԸ», լույս է տեսել Բեյրութում (1969): «ԾՈՎԻՆԱՐ» վեպը, «ՍՊԻՆԵՐ» և «ՀԵՐՑՈՖ» վիպակները, ինչպես նաև պատմվածքները հրատարակվել են «ԱՐԾԻՎ» գրական թերթում: «ԲԱԳԻՆ» գրական թերթում հրատարակվել են պատմվածքներ և ուսումնասիրություններ (1969-1971):

Տասնինը տարեկանից հետաքրքրվել է թատրոնով: Հաջորդաբար բեմ է բարձրացել հանրածանոթ բեմադրիչներ Աշոտ Մադաթյանի, Տրդատ Նշանյանի, Ժորժ Սարգսյանի և Տիրան Աճեմյանի թատերախմբերի կազմում (1951-1961): Հեղինակն է բեմադրված կամ հրատարակված հինգ թատերկերի. «ՎԱՀԱԳՆ» (գրված 1976-ին, բեմադրված 1977-ին, Զոհրապ Յագուբյանի կողմից), «ՄԻԱԼԱՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» (գրված 1971-ին, բեմադրված 1980-ին, Զոհրապ Յագուբյանի կողմից): Վերջինս Բեյրութի հայաշատ շրջանի` Պուրճ Համուտի թատերասրահի կուսակցական պատասխանատուների, և ապա ազգային միջնակարգ վարժարանի կուսակցական խնամակալության կողմից համարվել է «քաղաքական ղեկավարների դեմ» և «անբարո» գործ: Այդ կապակցությամբ բեմադրության համար սրահ չի հատկացվել և «պաշտոնապես» արգելվել է թատերախաղը բեմ հանել: Կազմակերպիչները սպառնացել են խաղալ անվճար, բացօթյա, Պուրճ Համուտի հրապարակում: Բազմաթիվ վեճերից հետո, այդ ժամանակվա Առաջնորդ Արամ վրդ. Քեշիշյանի (այժմ` Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ) միջամտությամբ, խմբին արտոնվել է խաղալ խիստ սահմանափակ օրեր:

Համազգայինի Հայ կրթական և մշակութային միության 75-ամյակի առթիվ, 2004-ի հունիսին Տորոնտոյի Համազգայինի «Ժորժ Սարգսյան» թատերախմբի կողմից ներկայացվել է Արա Արծրունու «ՄԺԵՂԸ» թատերախաղը` Լևոն Խանգալդյանի (օտար մշակութային կյանքում հայտնի Levon Haftvan անունով) բեմադրությամբ:

Երևանի Կամերային թատրոնում 2005-ի հուլիսին, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արա Երնջակյանի ղեկավարությամբ, հանրածանոթ ռեժիսոր Արմեն Մեհրաբյանի բեմադրությամբ և թատրոնի լավագույն դերասանների մասնակցությամբ, ներկայացվել է Արա Արծրունու «ՄԺԵՂԸ» թատերախաղը:

«ԵՍ ԶՈՀ, ԵՍ ԴԱՀԻՃ» խորագրի ներքո լույս են տեսել «ԶԱՆԳԸ» (1981), «ՄԺԵՂԸ» (1981), «ԽՈԶԱԿԸ» (1982) և «ՄԻԱԼԱՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ» (1971) թատերախաղերը:

Անտիպ է 1977-ին բեմադրված «ՎԱՀԱԳՆ» թատերագրությունը:

Չեն բեմադրվել և անտիպ են «ՊԱՀԱԾՈՅԻ ՏՈՒՓԵՐԸ» (1992), «ԱՆԱՎԱՐՏ ՎԵՊԸ» (2004) և «ՈՂՋՈւ¯ՅՆ…» (2005) թատերագրությունները:

 
Կենսագրական | Հրապարակագիրը | Թատերագիրը | Հետադարձ կապ
Site Design by Skatestudio © Copyright 2006, All Rights Reserved.